«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) կողմից համատեղ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում օգոստոսի 1-ին տեղի ունեցավ պետական և մասնավոր հատվածների համար նախատեսված 8 հանդիպումների շարքի 4-րդ միջոցառումը։
Հանդիպման ընթացքում, որի խորագիրն էր «Բիզնեսի թվայնացման 5 պատճառ», պետական և մասնավոր հատվածի խոսնակները ներկայացրեցին թվայնացման ճանապարհին իրենց ունեցած փորձառությունը, հաջողության պատմությունը՝ խրախուսելով ներկաներին գնալ դեպի թվայնացում։ Խոսնակների ելույթներից հետո ներկաներն ուղղեցին իրենց հարցերը, հնչեցին առաջարկներ։ Հանդիպումն ամփոփվեց խոսնակների ելույթների հիման վրա բիզնեսի թվայնացման 5 պատճառների դուրս բերմամբ։
Քննարկման մասնակիցներն էին պետական և մասնավոր հատվածի մոտ 70 ներկայացուցիչներ։
Հանդիպման խոսնակներն էին․
– Լուիզա Այվազյան, Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոն, Հայաստանյան գրասենյակի ղեկավար,
– Սամվել Գևորգյան, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն, Հիմնադիր տնօրեն,
– Աննա Գևորգյան, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն, Oպերացիոն կառավարիչ,
– Արշակ Քերոբյան, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Թվայնացման վարչության պետ,
– Տիգրան Մանուկյան, MerSoft կազմակերպություն, տնօրեն,
– Նորայր Հովհաննիսյան, TIME Հայաստան, կոմերցիոն տնօրեն,
– Տիգրան Գալստյան, NORKSYS կազմակերպություն, տնօրեն,
–Արթուր Կարապետյան, Text'nPayMe կազմակերպության տնօրեն, թվայնացման փորձագետ:
Հանդիպման արդյունքում Սամվել Գևորգյանն ամփոփելով խոսնակների ելույթներն առանձնացրեց բիզնեսի թվայնացման հետևյալ 5 պատճառները․
Ստորև ներկայացնում ենք բանախոսների կողմից նշված պատճառները.
1. Բիզնեսի մրցունակության բարձրացում
2. Հաճախորդների հետ հարաբերությունների բարելավում
3. Բիզնես գործընթացների օպտիմիզացում
4. Տվյալների հիման վրա կառավարչական որոշումներ կայացնելու հնարավորություն.
5. Աշխատակիցների ներգրավվածության բարձրացում
Ստորև ներկայացված է խոսնակների ելույթների ամփոփումը.
1. Արշակ Քերոբյան - ՀՀ ԲՏԱ նախարարության թվայնացման վարչության պետ
Արշակ Քերոբյանը նշեց, որ երկար տարիներ լինելով ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ և բախվելով ոլորտի խնդիրների հետ, ականատես է եղել թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի մտածելակերպի էվոլյուցիային։ Անդրադառնալով մասնավոր հատվածին Արշակ Քերոբյանը նշեց մի քանի ոլորտային օրինակներ, որտեղ թվայնացումը փոխել է բիզնեսի ամբողջ տրամաբանությունը։
Օրինակ 1․Հագուստի վաճառքով զբաղվող խանութը, ստիպված լինելով դիմակայել համաճարակային պայմաններին, սկսել է իրականացնել առցանց վաճառքներ, և արդյունքում համաճարակի ռիսկային իրավիճակը խանութի համար նոր հնարավորություններ է ստեղծել։
Օրինակ 2․ Հաջորդ օրինակը հաշվապահական հիմնարկին էր վերաբերվում, որտեղ Արշակ Քերոբյանը մոտ 10 տարի աշխատել է որպես փոխտնօրեն։ Այդ տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունը ցույց է տվել, որ փոքր կազմակերպությունները չպետք է խուսափեն թվայնացվել, քանի որ անձնական կապերով կամ բնական տարբերակով հաճախորդներ ներգրավելը կազմակերպության համար չի ապահովում էական աճ և առաջընթաց։
Օրինակ 3․ Տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների հաջողության ճանապարհին թվայնացման գործընթացների ներդրումն ամենաակնառուն է եղել։ Արշակ Քերոբյանը նշեց, որ բիզնեսի առաջխաղացման համար շատ կարևոր է հասկանալ հաճախորդի վարքագիծը։ Այստեղ թվայնացման գործիքները և ավտոմատացման համակարգերը գալիս են օգնության։ Ըստ խոսնակի շատ կարևոր է, որ փոքր կազմակերպությունները չխուսափեն հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման թվայնացման համակարգեր ներդնելիս, քանի որ հենց այդ բիզնեսների համար է, որ յուրաքանչյուր հաճախորդ կարևոր է, յուրաքանչյուրի վարքագիծն ու կարիքներն ուսումնասիրելն անհրաժեշտ է։
Խոսելով պետության դերի մասին Արշակ Քերոբյանը նշեց, որ առաջին հերթին պետությունն իր կարգավորումներով և օրենքներով չպետք է խանգարի մասնավոր հատվածին։ Այժմ ԲՏԱ նախարարությունն ու նոր ստեղծված Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համատեղ աշխատում են որոշակի կարգավորումների վրա, որոնք վերաբերում են կիբերանտանգությանն ու հանրային տվյալների դասակարգմանը, պահպանմանը։ Կիբերանվտանգության վերաբերյալ նախատեսվում է ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնց միջոցով ցանկացած կիբերհարձակման կտրվի միասնական լուծում, ցանցային պաշտպանվածություն։ Տվյալների քաղաքականության վերաբերյալ Արշակ Քերոբյանը նշեց պետության մոտեցումը, ըստ որի ցանկացած տվյալ, որ պահպանվում է պետական շտեմարաններում հանրային է՝ բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունների։ Բոլոր մյուս տվյալները լինելու են բաց և դասակարգված, որպեսզի մասնավոր հատվածը կարողանա օգտվել դրանցից։ Միաժամանակ պետությունն ընտրել է հետևյալ ուղենիշը, որ ցանկացած անձ ինքն է տնօրինում իր տվյալներին և միայն ինքն իրավունք ունի տալ իր տվյալները մասնավոր հատվածի կազմակերպություններին, տեսնել, թե ովքեր և ինչպես են օգտվում այդ տվյալից։ Պետությունը նաև ընդունել է քաղաքականություն, որ եթե մասնավոր հատվածը կամ քաղաքացին որևէ տվյալ է տվել պետությանը, այլևս չպիտի ստիպված լինի նույն տվյալը պետական այլ կառույցի տալու։
2. Տիգրան Մանուկյան - MerSoft կազմակերպության տնօրեն
Տիգրան Մանուկյանը կիսվեց իր Ընկերության 15 տարիների փորձառությամբ նշելով, որ ցանկացած թվային լուծումներ առաջարկող կազմակերպություն իր աշխատանքի ընթացքում մասնավոր կազմակերպություններից շատ բան է սովորում։ Տիգրան Մանուկյանն առանձնացրեց նաև բիզնեսի թվայնացման ճանապարհին հանդիպող 5 հիմնական խնդիրներ և խոչընդոտներ՝ պահանջվող ֆինանսական ներդրում, թիմում սպասվող փոփոխություններ, տվյալների անվտանգություն, պետական հարթակների հետ աշխատելու գործիքների ներդնում, նոր գործիքակազմի համալրում: Տիգրան Մանուկյանը ներկայացրեց մի գործիք, որով բիզնեսը հնարավորություն է ունենում վերահսկել իր աշխատակիցների և հաճախորդների կատարած զանգերը, դրանց արդյունքները։ Հեռախոսազանգի և CRM համակարգի ինտեգրացիան ներկայացնելու համար ցուցադրվեց 256 Hub-ի և MerSoft CRM-ի օրինակը։ Զանգի արդյունքում աշխատակիցը վերցրեց հաճախորդի տվյալները, լրացրեց համակարգում և զանգից անմիջապես հետո այն հասանելի դարձավ կազմակերպության տնօրենի համար։ Տիգրան Մանուկյանը նշեց, որ այս գործիքի օգնությամբ բիզնես գործընթացները հնարավորինս թափանցիկ և վերահսկելի են դառնում կազմակերպության ղեկավարության և նոր ներդրողների համար։ Համակարգը հնարավորություն է տալիս պահպանել հաճախորդի տվյալները, պատմությունը, հիշեցումներ ուղարկել կամ առաջարկել վճարման առցանց տարբերակներ։ Համակարգը թույլ է տալիս տվյալների հիման վրա իրականացնել որոշակի վերլուծություններ, գնահատել գովազդային արշավի արդյունավետությունը, տեսնել զանգերի կամ այցերի դինամիկան։ Ամփոփելով իր խոսքը Տիգրան Մանուկյանը նշեց, որ ցանկացած բիզնես, որն ի սկզբանե չի ստեղծվել սահմանափակ, օրինակ 1 տարի, ժամկետով, անհրաժեշտ է թվայնացնել։ Այս գործընթացում առաջին քայլն է հասկանալ ինչ գործիքների կարիք կա, ինչ համակարգեր են անհրաժեշտ։
Նորայր Հովհաննիսյան - TIME ընկերության կոմերցիոն տնօրեն
Նորայր Հովհաննիսյանը ներկայացրեց TIME ընկերության գործունեությունը Հայաստանում և Վրաստանում։ Ընկերությունն ունի 35 խանութ-սրահ և 250 աշխատակից։ TIME-ի թվայնացումը սկսվել է մոտ 3 տարի առաջ։ Նորայր Հովհաննիսյանը նշեց, որ ամենամեծ խնդիրը, որին իրենք բախվել են աշխատակիցների դիմադրությունն է նոր համակարգերի և գործիքների հանդեպ։ Այս գործընթացում իրենք փորձել են աշխատակիցներին ցույց տալ նոր համակարգերի կողմից առաջարկվող լուծումները, առավելությունները, որպեսզի այդ անցումը սահուն լինի։
Ըստ Նորայր Հովհաննիսյանի շատ կարևոր է, որ աշխատողը տեսնի, որ իր գործը համակարգի ներդրմամբ կհեշտանա, կարագանա, իսկ հաջորդ կարևոր կետն այն է, որ համակարգը պարունակի ինչ-որ խաղային կոմպոնենտ, վիզուալիզացիա, գծապատկերներով արտահայտի կատարված աշխատանքի արդյունքը։ Նորայր Հովհաննիսյանը նշեց նաև թվայնացման մեկ այլ առավելություն․ բիզնեսի ղեկավարների համար համակարգերի ներդրումը ստեղծում է մոնիթորինգի և վերլուծություններ անելու գործընթացների հեշտացման հնարավորություն։
4. Տիգրան Գալստյան - NORKSYS ընկերության տնօրեն
NORKSYS ընկերությունն ունի ավտոմատացման համակարգերի ներդրման մոտ 25 տարվա փորձ։ Ընկերության տնօրեն Տիգրան Գալստյանը հիմնականում աշխատել է խոշոր կազմակերպությունների հետ, և իր ելույթի ընթացքում կիսվեց թվայնացման ոլորտում իր ունեցած փորձառությամբ, հանդիպած խոչընդոտներով։ Որպես խորհուրդ մասնավոր կազմակերպություններին Տիգրան Գալստյանը նշեց. կազմակերպությունում ավտոմատացման համար արված ներդրումներին զուգահեռ անհրաժեշտ է կատարել այդ ներդրումների արդյունավետության գնահատում, կարելի է իրականացնել կազմակերպության գործընթացների փուլային թվայնացում, որը հնարավորություն կտա կառավարել ֆինանսական հոսքերը և մարդկային ռեսուրսի ներգրավումը։ Ըստ Տիգրան Գալստյանի շատ կարևոր է, որ բիզնեսը իր սեփական գործընթացները շատ լավ պատկերացնի, իրենք իրենց հարցեր տալով դուրս բերեն, գրեն աշխատանքային պրոցեսները։ Ավտոմատացման գործընթացներում շատ կարևոր է, որ խորհրդատուները, թվայնացման գործիքներ ներդնող կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն ուսումնասիրեն կազմակերպության ներքին կառուցվածքը, գործընթացները, որից հետո խորհուրդ տան որևէ համակարգ։
5. Արթուր Կարապետյան - Text'nPayMe ընկերության տնօրեն
Արթուր Կարապետյանը կիսվեց թվայնացման խորհրդատվությունների իր փորձառությունից, նշեց, որ կա թյուր կարծիք, որ թվայնացումը սոցիալական ցանցերում էջեր ունենալն է։ Թվային մարկետինգը և թվային գործիքների միջոցով վաճառքներ անելը իհարկե թվայնացման մաս են կազմում, սակայն ուղիղ իմաստով բիզնեսի թվայնացման գործընթացը չեն։ Թվայնացումը, ավտոմատացումը և հատկապես իր ռազմավարական բլոկը ամեն ընկերության համար անհատական է մշակվում։
Արթուր Կարապետյանը նշեց, որ թվային ռազմավարությունն անհրաժեշտ է, որ ընկերությունն իր ներքին գործընթացներն ավելի լավ պատկերացնի, հասկանա ինչ գործիքի ներդրման կարիք կա։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է սկսել թվայնացման գործընթացը, Արթուր Կարապետյանն ասաց, որ շատ կարևոր է բոլոր աշխատակիցներին ներգրավելը, իրենց կարծիքը լսելը։ Մյուս օգնող հանգամանքը կարող է լինել աշխատակիցներին ընթացիկ աշխատանքներում ներգրավելը, ինչպես Ikea ապրանքանիշն է օրինակ անում իր կահույքի վաճառքի ժամանակ։ Սա աշխատակցին կտա կարևորության զգացողություն, ինչն էլ կնվազեցնի դիմադրողականությունը։ Արթուր Կարապետյանը կազմակերպության ղեկավար օղակի ներկայացուցիչներին խորհուրդ տվեց երբեք հետ չկանգնել թվայնացման գործընթացներից աշխատակիցների դիմադրողանականության պատճառով, փորձել աշխատել իրենց հետ, հաղթահարել այդ փուլը, քանի որ հակառակ դեպքում թվայնացման գործընթացը երբեք տեղի չի ունենա։ Արթուր Կարապետյանը օրինակ բերեց մի կազմակերպության փորձառության մասին, որը թվայնացման խորհրդատվությունների արդյունքում փոխել է իր բիզնես ուղղությունը և բժշկական փոքր կլինիկայից դարձել է բժշկական հաստատություններին թվայնացման ծառայություններ մատուցող ընկերություն։ Այս պահին այդ ընկերության ծառայություններից օգտվում է ավելի քան 280 կազմակերպություն։ Ամփոփելով իր խոսքը Արթուր Կարապետյանը նշեց, որ ձեռներեցները պետք է թվայնացումն ու իրենց բիզնես փորձն օգտագործեն, մտածեն իրենց բիզնեսին նոր ուղղություն տալու մասին, որը կարող է նոր հնարավորություններ ստեղծել։
Հանդիպման ավարտին ժամանակ տրամադրվեց նաև հարց ու պատասխանի համար։
Պետական-մասնավոր հատվածների հանդիպումների շարքը իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոնի (CIPE) համատեղ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար հետևեք մեր հրապարակումներին։
Ծրագրի հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար հետևեք մեր հրապարակումներին։