Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի երկար սպասված շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ բազմաթիվ գործընկերներ, հարազատներ և ընկերներ:
Գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը ներկայացրեց գրքի պատմությունը և անցած ճանապարհը: Ելույթ ունեցան նաև գլխավոր գործընկեր «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» -ի տնօրեն Արսեն Բազիկյանը և գրքի դիզայնը մշակած Doping Creative Advertising Agency-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը:
Գիրքը ձեռք բերելուց հետո մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ստանալ հեղինակի կողմից անվանական ստորագրություն և բիզնես սկսելու մաղթանքներ: Իսկ ձեռնարկատիրական մթնոլորտը տրամադրում էր կարդալ գիրքը և ոգեշնչում անմիջապես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում:
«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝
- Պլանավորիր քո բիզնեսը
- Կազմակերպիր քո բիզնեսը
- Կառավարիր քո բիզնեսը
- Զարգացրու քո բիզնեսը
Բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:
Այս գիրքը եղել է սեփական բիզնեսին վերաբերող հայկական հեղինակային առաջին հրատարակությունը՝ դեռևս 2000 թ.: 4-րդ՝ լրամշակված և նորացված հրատարակության մեջ ներկայացված է բիզնեսի ամբողջ ճանապարհը՝ սկսած գաղափարից և բիզնես մոդելից, մինչև հաջողության բարձունքներին հասնելը:
Գրքում ներկայացված են հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի:
Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ:
«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի 4-րդ հրատարակությունում ներառված են նոր գործիքներ, մոտեցումներ, մեթոդներ և բանաձևեր: Այստեղ առանձնացված են 3 հատուկ նշան.
- Խորհուրդ իմ կողմից,
- Մտածիր այդ մասին,
- Օգտակար գործիք:
Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բուհական «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը: