ՏՏ ոլորտի հայաստանյան 17 ընկերություններ մարտի 9-10-ը Լոնդոնում ներկայացրեցին Հայաստանի նորագույն տեխնոլոգիական լուծումները:
Լոնդոնի DoubleTree by Hilton հյուրանոցում անցկացվելիք B2B միջոցառումը երկու երկրների պատմության մեջ ամենախոշոր համատեղ բիզնես նախաձեռնությունն է: Դրա շրջանակում հայկական ընկերություններն իրենց վերջին տեխնոլոգիական լուծումները կցուցադրեն բրիտանական բիզնես եւ տեխնոլոգիական համայնքին:
Միջոցառման կազմակերպիչն է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC)՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:
Բրիտանական ընկերությունները կարող են նախապես հանդիպում նշանակել մասնակից հայկական ՏՏ ընկերությունների հետ: Ձեւաչափը մշակվել է միջոցառման արդյունավետության բարձրացման եւ բրիտանական գործարարների ժամանակը խնայելու նպատակով:
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ հայկական մեծ բիզնես պատվիրակությունը մեկնում է բրիտանական շուկա՝ կոնկրետ լուծումներ առաջարկելու նպատակով:
«ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ աճող ոլորտներից է, եւ այն տարեկան առնվազն 20% աճ է ապահովում: Հայկական շուկան արտադրում է լուծումներ, որոնց մասին Բրիտանիայում չեն լսել: Սակայն դրանք լուծումներ են, որոնք կհետաքրքրեն այդ շուկային: Ակնկալում ենք, որ Լոնդոնում հաջողության պատմություններ կկերտվեն: Սա ճանաչողական այց չէ, ընկերությունները նախապես գիտեն՝ ուր են գնում եւ ինչ ակնկալիքներ ունեն: Մեր նպատակն է վերադառնալ պայմանագրերով կամ առնվազն պայմանագրերի մասին պայմանավորվածություններով: Եթե բրիտանական շուկան՝ իր պահպանողականությամբ հանդերձ, ընդունի հայկական ՏՏ ընկերություններին, ապա դա միանշանակ կդառնա շարունակական գործընթաց»,- նշել է Սամվել Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ նախապատրաստական փուլի շրջանակում մասնակից ՏՏ ընկերություններին տրամադրվել է արժեքավոր խորհրդատվություն թե՛ սեփական ընկերությունը բրիտանական գործարարներին ճիշտ ներկայացնելու, թե՛ բրիտանական շուկայում առկա համապատասխան ՏՏ ծառայությունների նկատմամբ հետաքրքրության վերաբերյալ: «Բի Էս Սի»-ի տնօրենն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մասնակից ՏՏ ընկերությունները կազմակերպիչների կողմից ընտրվել են` հաշվի առնելով բրիտանական շուկային հետաքրքիր լուծումներ առաջարկելու տեսանկյունից ընկերությունների տեխնիկական պատրաստվածությունը, միջազգային շուկաների հետ աշխատանքի փորձը, ինչպես նաև թիմի՝ արտերկրում անթերի անգլերենով ներկայանալու եւ աշխատելու ունակությունները:
Լոնդոնում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող, թվային մարքեթինգի փորձագետ Մայք Լազիեւն իր հերթին նշել է, որ միջոցառումը կարող է հետաքրքրել ոչ միայն բրիտանական ՏՏ ընկերություններին, այլեւ առհասարակ բիզնեսներին, որոնք հետաքրքրված են տեխնոլոգիական լուծումներով:
«Հայաստանից մասնակցում են ամենատարբեր ուղղվածության ընկերություններ՝ վիրտուալ իրականությունից, 3D անիմացիայից եւ կրթությունից՝ մինչեւ մոբայլ հավելվածների մշակում եւ աութսորսինգ: Այդպիսով ցանկանում ենք Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես ծրագրավորողների հայրենիք, այլեւ տեխնոլոգիական պրոդուկտներ մշակող երկիր»,- նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ բրիտանական շուկան, չնայած իր պահպանողականությանը՝ սիրում է նորարարություններ:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության տնտեսական ծրագրերի պատասխանատու Արտաշես Դավթյանն էլ մատնանշել է այն փաստը, որ սա Բրիտանիայում կազմակերպվող համատեղ ամենախոշոր բիզնես միջոցառումն է:
«Այս առումով Հայաստանում բրիտանական դեսպանատան ոգեւորվածությունը եւ հետաքրքրությունը բավական մեծ է: Առկա է ցանկություն նմանատիպ միջոցառումները շարունակական դարձնելու, քանի որ ՏՏ-ն Հայաստանում մեծ ներուժ ունեցող ոլորտ է, եւ ի զորու է ներկայացվածություն ունենալ բրիտանական շուկայում: Բրիտանիայի կառավարությունն այս ծրագիրը ֆինանսավորել է այն վերջնական նպատակով, որ հայկական ՏՏ ընկերությունները բրիտանական շուկա մուտք գործելով՝ նպաստեն նաեւ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ տնտեսական կապերի զարգացմանը»,- ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչը:
Հայ-բրիտանական B2B միջոցառման գործընկերներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը, Հայ-Բրիտանական բիզնես պալատը, բրիտանական Newable ընկերությունը, Enterprise Europe ցանցը, Լոնդոնի առեւտրաարդյունաբերական պալատը, GMobile Ltd ընկերությունը: