Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ պետական և մասնավոր հատվածների հանդիպումների (PPD) շարքի 6-րդ միջոցառումը։
«Բիզնես միջավայրի թվային փոխակերպում» խորագրով հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի՝ ՏՏ, խորհրդատվական և ձեռնարկատիրական ոլորտների ներկայացուցիչների կողմից հնչեցին առաջարկներ, հարցեր և կազմակերպվեց պետական-մասնավոր հատվածների հարց ու պատասխան՝ ներկաների և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի միջև։
Հանդիպման ընթացքում բարձրաձայնված հարցերի հիման վրա Ռաֆայել Գևորգյանը, որպես պետական հատվածի ներկայացուցիչ, տեղեկացրեց ներկաներին թվայնացման ոլորտում իրականացվող և սպասվող միջոցառումների, նախաձեռնությունների մասին։ Մասնավորապես նշվեցին պետական աջակցության տրամադրման ընտրված ձևաչափերն ու ուղղությունները, տարբեր թիրախների համար իրականացվող աջակցության միջոցառումներն ու նախաձեռնությունները։ Հանդիպումն ապահովեց պետական-մասնավոր հատվածների արդյունավետ երկխոսություն և հիմք ստեղծեց հետագա համագործակցության համար։
Պետական-մասնավոր հատվածների հանդիպումների շարքն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից՝ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար հետևեք մեր հրապարակումներին։