«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից, Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել պետական և մասնավոր հատվածների համար նախատեսված 8 հանդիպումների շարքի 7-րդ միջոցառումը։
«Թվային կրթություն․ պետություն մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկման խոսնակներն էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և կրթական այլ կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպման սկզբում ողջույնի խոսք ուղղեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության գլխավոր մասնագետ Փառքուհի Ղազարյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը երկրի տնտեսական միջավայրի զարգացման և թվայնացման գործընթացներում։
Պանելային քննարկման խոսնակներն էին.
Տաթևիկ Գասպարյանը – ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈւԶԱԿ) տնօրեն,
Ռուզաննա Ստեփանյանը – ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետ,
Ժաննա Գևորգյանը – ISTC հիմնադրամ, աքսելերացիոն ծրագրերի համակարգող,
Սուրեն Էդիլյանը – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնի դասախոս,
Հրանտ Հարությունյանը – Հայաստանում ֆրանսիական համալսարան, Կառավարման և ֆինանսների ֆակուլտետների դեկան:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության դերը բիզնես միջավայրի թվայնացման գործընթացներում և թվայնացման դերը կրթական գործընթացներում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության խոսնակները ներկայացրին նախարարության ներգրավվածությունը և գործունեության շրջանակը Հայաստանի թվայնացման ռազմավարության 2021-2025թթ․ ծրագրի շրջանակում։ Ներկաները և կրթական այլ կառույցների ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգություններն ու խնդիրները պանելային քննարկման հարց ու պատասխանի հատվածում՝ ապահովելով պետական-մասնավոր հատվածների արդյունավետ երկխոսություն։
Պանելային քննարկման ընթացքում մոդերատոր Էմմա Կիրակոսյանն ուղղորդող հարցադրումներ էր ուղղում՝ ելնելով Հայաստանի թվայնացման ռազմավարության 2021-2025թթ․ գործողությունների ծրագրից և նպատակներից։ Յուրաքանչյուր խոսնակ անդրադարձավ կրթության ոլորտում իր գործունեությանը, ներկայացրեց իր կառույցի՝ թվայնացման ուղղությամբ ձեռքբերումներն ու պետության հետ համագործացության ուղղությունները։
Ստորև ներկայացված է պանելային քննարկման և հարց ու պատասխանի ամփոփումը.
ՀԱՐՑ 1
Պետության և մասնավոր հատվածի երկխոսությունն առավել արդյունավետ կազմակերպելու և իրագործելու համար պետք է հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն երկու կողմերը միմյանցից։ Կարո՞ղ եք ներկայացնել 2021թ․-ից հետո թվայնացման շուրջ ինչ առաջխաղացումներ ունենք և պետությունն ի՞նչ ակնկալիքներ ունի մասնավորից։
Ռուզաննա Ստեփանյանը՝ ԿԶՆԱԿ-ի Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետը, պատասխանելով հարցին ներկայացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ռաջխաղացումներից ամենակարևորը 2021 թ․-ից նոր չափորոշիչների, կրթական նոր ծրագրերի փորձարկումն ու ներդրումն է։ Մասնավորապես, Ինֆորմատիկա առարկան վերանվանվել է Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն (ԹԳՀԳ)։ Այստեղ փոփոխությունն այն է, որ ԹԳՀԳ-ն դասավանդվելու է դպրոցում 2-րդ դասարանից սկսած։ Տեղի են ունեցել ծրագրային մեծ փոփոխություններ, որոնցից կարևորն այն է, որ աշակերտներին տրված գործնական աշխատանքներն ուղիղ կապվում են կյանքի հետ, օրինակներ են լինում առօրյա փորձառությունից։ Ռուզաննա Ստեփանյանը շեշտեց, որ ներդրված ծրագրավորման լեզուները նպատակ չեն հետապնդում պատրաստելու ապագա ծրագրավորողներ, այլ նպաստում են աշակերտի ալգորիթմական մտածողության զարգացմանը։ Կարելի է նկատել, որ գործատուների ներկայիս պահանջներում աշխատակից ընտրելիս առավել կարևորվում է ալգորիթմական և տրամաբանական մտածողությունը, քան՝ ծրագրավորման լեզվի տիրապետելը։
Ռուզաննա Ստեփանյանը, անդրադառնալով պետական-մասնավոր հատվածների համագործակցությանը, առաջարկեց, որ մասնավորի հետ ավելի սերտ համագործակցության արդյունքում պետությունը կարող է լուծել կրթական կառույցներում ժամանակակից տեխնոլոգիաների ավելի լայն կիրառման խնդիրը, օրինակ աշակերտներին ծանոթացնել AI, VR և նման տեխնոլոգիաների լուծումների հետ, որոնց կարիքը դպրոցը շատ ունի, ուղղակի ռեսուրսներ չունի դրանք ձեռք բերելու և փորձարկելու։
ՀԱՐՑ 2
Թվայնացման ռազմավարությամբ սահմանված նոր նպատակներին հասնելու վերջնաժամկետ է սահմանվել 2025թ․ դեկտեմբերը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասով պատասխանատվությունը հետևյալն է, որ մինչ 2025թ․ դեկտեմբեր, մեր հանրության 16-65 տարեկանների առնվազն 60%-ն ունենա բազային իմացություն թվային գործիքների կիրառման համար։ Ինչպե՞ս կարող է մասնավոր հատվածը նպաստել, որ հասարակությունն օգտվի պետական թվայնացված ծառայություններից և առաջարկվող թվային հարթակներից։
Ժաննա Գևորգյանը անդրադարձավ հարցին, ներկայացնելով ISTC-ի կողմից իրականացվող ծրագրերը։ Նշվեց, որ ISTC-ն իրականացնում է Թվային գիտություն ծրագիր, որի շրջանակում Երևանի պետական համալսարանի հետ իրականացնում են երկու մագիստրոսական ծրագիր։ Այդ ծրագրերով մի կողմից նպատակ է սահմանվել աջակցել տվյալագիտության զարգացմանը բիզնեսում, մյուս կողմից՝ տվյալագիտության զարգացմանը ծրագրավորման ուղղության մեջ։ Այս մագիստրոսական ծրագրով տարեկան միջինում 20-30 ուսանող է ավարտում, որոնց մեծ մասը առաջիկա ամիսների ընթացքում կարողանում է աշխատանքի ընդունվել։ Ծրագրի կազմման հիմքում դրվել են կիրառելի հմտություններ և գիտելիքներ փոխանցելու սկզբունքը, և ուսանողները, տվյալագիտությունից բացի, ծանոթանում են նաև ստարտափներին, բիզնես գիտելիքներ են ստանում, ուսումնասիրում են, թե ինչպես կարող են տվյալներն օգտագործել բիզնեսում։ Ծրագիրն իրականացվում է IBM-ի աջակցությամբ․ մագիստրոսական առաջին տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանոցներին տրվում է հնարավորություն իրենց 2-րդ տարվա կրթությունը շարունակել ԱՄՆ-ում։
Անդրադառնալով թվային գրագիտության խնդրին Ժաննա Գևորգյանն առաջարկեց միավորել պետական ու մասնավոր հատվածի ռեսուրսները, փոքր, լոկալ միջոցառումներ իրականացնել, որոնց շնորհիվ մարդիկ կծանոթանան թվային նոր գործիքներին, կսովորեն, որ իրականում անհրաժեշտ է թվային լուծումներն օգտագործել որպես գործիք։
Ներկաներից Սերգեյ Վարդանյանը, ով առցանց դասընթացների հարթակի և կրթական պրոդուկտների թվային փոխակերպման ծառայություններ մատուցող կազմակերպության համահիմնադիր է, բարձրացրեց այն խնդիրը, որ որոշ ԲՈւՀ-երի դասախոսներ չեն կարողանում թվայնացնել իրենց կրթական ռեսուրսները և դիմում են այլ կազմակերպությունների ծառայությունների։ Սերգեյ Վարդանյանը ԲՈւՀ-երի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին առաջարկեց համալսարանների ներսում թվայնացման և թվային փոխակերպման լուծումներ առաջարկել և մասնավորի հետ համագործակցելով թվայնացնել կրթական պրոդուկտները։
Սուրեն Էդիլյանը, որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչ նշեց, որ պոլիտեխնիկական համալսարանում ձևավորվել է Մեդիա խումբ, որը Եվրոպական միության աջակցությամբ փորձի փոխանակում է իրականացրել, այցելել է Գերմանիա, Լատվիա, ուսումնասիրել այդ երկրների փորձը և ներդրել դա պոլիտեխնիկական համալսարանում։ Այժմ այդ Մեդիա խումբը համալսարանի դասախոսական կազմին աջակցություն է տրամադրում դասընթացների և նյութերի ձայնագրման, թվայնացման, ձևավորման գործում։
ՀԱՐՑ 3
Սուրեն Էդիլյանը, որպես մասնագիտական մաթեմատիկական կրթության մասնագետ, բարձրացրեց այն խնդիրը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դասընթացների առցանց իրականացումը չի թույլատրվում՝ որոշակի օրենսդրական սահմանափակումներից ելնելով։ Անդրադառնալով այս հարցին Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) կա նման փորձ․ ԿՏԱԿ-ը դպրոցներին առաջարկում է առցանց դասընթաց այն մարզերի համար, որոնք տվյալ առարկայի ուսուցիչ չունեն։ Առցանց դասերի ժամանակ ուսուցիչները ներգրավվում են այլ դպրոցներից։
Անդրադառնալով այս հարցին, Ռուզաննա Ստեփանյանը առաջարկեց առցանց անցկացման առաջարկը հստակ ձևակերպել, ուղարկել նախարարության քննարկմանը, միգուցե կարողանան թույլտվություն ստանալ։ Պատասխանելով այս հարցին, Տաթևիկ Գասպարյանը՝ ՄԿՈւԶԱԿ-ի տնօրենը, նշեց, որ առցանց կրթություն իրականացնելիս առաջնային է ապահովել կրթական ծրագրի վերջնարդյունքները։ Աշխարհում այլևս էական չէ՝ դասն առկա ձևաչափով է, թե՝ առցանց, վիրտուալ, թե այլ իրականությունում է անցկացվում։ Այժմ կարևոր է, թե դասընթացի ավարտին որքանով են ապահովվել սահմանված վերջնարդյունքները, աշակերտը ինչ կարող է իրականացնել, ինչ է սովորել այդ դասընթացն ավարտելուց հետո։ Որպեսզի դա համակարգվի, հնարավոր լինի որակի վերահսկողություն անել, նախ պետք է վերահսկողության մեխանիզմ մշակել, ներդնել, քանի որ բազմաթիվ մարդիկ առցանց հասանելիությունից օգտվում են՝ իրականացնելով անորակ և անբովանդակ դասընթացներ։ Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում այժմ առցանց դասընթացի իրականացման գործընթացների քննարկման փուլում ենք։ Տաթևիկ Գասպարյանն իր պատրաստակամությունը հայտնեց ուղղորդել, աջակցել այն կառույցներին, որոնք նպատակ ունեն ստանալ դասընթացի անցկացման հավատարմագրություն պետությունից։
ՀԱՐՑ 4
Ինչպե՞ս է ԲՈւՀ-ը որոշում, թե տվյալ ֆակուլտետում քանի ուսանող պետք է սովորի, արդյո՞ք ստանում է պետությունից հետադարձ կապ, թե ինչ ուղղությամբ ուսանողների կարիք կա, ինչպես պետք է աշխատել նրանց հետ։
Սուրեն Էդիլյանը նշեց, որ պետպատվերով անվճար տեղեր հատկացնելն այն մեխանիզմն է, որով երբեմն կարելի է հասկանալ պետության առաջնահերթությունները, նոր մասնագետների կարիք ունեցող ուղղությունները։ Պոլիտեխնիկական համալսարանը, արդեն բավական երկար տարիների համագործակցություն ունի Սինոփսիս ընկերության հետ, որը չիփ դիզայնի մեջ համաշխարհային լավագույն ընկերություններից է։ Համագործակցության շրջանում բարձր կուրսի ուսանողներին առաջարկվում է տեղափոխվել հատուկ Սինոփսիս կազմակերպության ուսումնական խումբ, իրենց հետագա կրթությունը և աշխատանքը շարունակելու այդ կազմակերպությունում։ Սուրեն Էդիլյանը հայտարարեց, որ պոլիտեխնիկական համալսարանը սեպտեմբերից արդեն կընդունի տվյալագիտության մասնագիտությամբ մինչև 60 ուսանող։ Լինելով կրթական ծրագրի մշակման հեղինակներից մեկը, Սուրեն Էդիլյանը նշեց, որ բավական մեծ աշխատանք է կազմակերպվում հենց պոլիտեխնիկական համալսարանի կառավարման համակարգի թվայնացման հետ կապված՝ սկսած ընդունելության փուլից, մինչև դասապրոցեսի կազմակերպումը։
Հրանտ Հարությունյանը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի Կառավարման և ֆինանսների ֆակուլտետների դեկանը, նշեց, որ բոլորովին վերջերս Ֆրանսիական համալսարանում նախաձեռնվել է թվայնացում առարկայի ներդրումը։ Այդ պահանջը եկել է հատկապես բանկային համակարգից՝ իրենց հետ ունենալով սերտ համագործակցային հարաբերություններ։ Խնդիր էր դրված ունենալ այնպիսի մասնագետներ, որոնք ոչ միայն կպատկերացնեն թվային հնարավորությունների ներկապնակը, այլ նաև կկարողանան տրանսֆորմացիաներ անել՝ դրան հասնելու համար։ Հայաստանում հիմա նման մասնագետների խիստ պակաս կա, ովքեր կկարողանան նոր թարմացումներին տիրապետելով տեսնել նոր հնարավորությունները, նախաձեռնել և ներդնել դրանք։ Ներկա պահին ֆրանսիական համալսարանից տարեկան մոտ 300 ուսանող է սովորում այդ առարկան, որն առանձին մասնագիտություն չէ, ներդրված է կառավարման, ֆինանսների և մարքեթինգի ֆակուլտետներում՝ որպես կարևոր առարկաներից մեկը։ Հանդիպման ավարտին իրականացվեց հարց ու պատասխան, որի ընթացքում ներկաները բարձրաձայնեցին իրենց առաջարկներն ու հարցերը՝ ապահովելով պետական-մասնավոր հատվածների արդյունավետ երկխոսություն։
Պետական-մասնավոր հատվածների հանդիպումների շարքն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից, Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի շրջանակում իրականացված նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ այս հղումով...