2023թ․ Դեկտեմբերի 22-ին «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից իրականացվեց «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» խորագրով պետական-մասնավոր հատվածների ամփոփիչ հանդիպումը։
Հանդիպման նպատակն էր պանելային քննարկման միջոցով ստեղծել համագործակցային միջավայր տարբեր շահագրգիռ կողմերի փորձի փոխանակման, թվայնացման ծրագրերի ներկայացումների և թվայնացման ոլորտում հետագա համագործակցության համար:
Հանդիպման սկզբում «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի համակարգող Լիլիթ Մհերյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից իրականացված նախաձեռնությունները և ծրագրի արդյունքները, պետական-մասնավոր հատվածների նախորդ հանդիպումների ամփոփումը։ Ծրագրի ամփոփումից հետո պանելային քննարկման մոդերատոր Սամվել Գևորգյանը մեկնարկեց քննարկման սկիզբը։
Պանելային քննարկման խոսնակներն էին․
Արշակ Քերոբյան - ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, թվայնացման վարչության պետ,
Անի Թորոյան - ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Գիտելիքահենք տնտեսության վարչության փորձագետ,
Արման Խաչատուրյան - Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ), Գլխավոր գործադիր տնօրեն,
Հարմիկ Ազարյան - Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ), Ծառայությունների մատուցման ղեկավար,
Արմինե Առաքելյան - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ), Ավագ վերլուծաբան:
Քննարկման սկզբում յուրաքանչյուր խոսնակ ներկայացրեց իր կառույցը, կառույցի պատասխանատվության շրջանակն ու գործունեության ուղղությունները։
Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր խոսնակի ելույթի սեղմ տարբերակը․
Արշակ Քերոբյանը, լինելով ՀՀ ԲՏԱ նախարարության թվայնացման վարչության պետ, ներկայացրեց թվայնացման օրակարգում իրավասություններն ու իրականացվող նախաձեռնությունների շրջանակը, նշելով, որ նախարարությունը հիմնականում քաղաքականությունը մշակող կողմ է և որոշ ծրագրերի միջոցով նաև ներդրում է ունենում ոլորտի զարգացման, մասնագետների վերապատրաստումների մեջ։ Նախարարության ձեռքբերումներից մեկն այն է, որ թվայնացման շնորհիվ ծառայություն մատուցողը, արտադրողն ու սպառողը կարողանում են առավել անմիջական շփվել։ Օրինակ, նույնականացման շնորհիվ տարբեր միջնորդ կառույցների դերը նվազում է, և դա բերում է կողմերի հարաբերությունների, համագործակցության բարելավման։ Արշակ Քերոբյանը նշեց, որ թվայնացման օրակարգում կարևոր ուղղություններից է կիբերանվտանգությունը, որի ուղղությամբ մշակված նոր օրենքն արդեն դրվել է շրջանառության։ Քանի որ կիբերհարձակումները ցանցային են, հակազդեցությունը ևս պետք է լինի ցանցային։ Այդ օրենքով նախատեսվում է ապահովել փոխգործելիություն բոլոր կողմերի, դաշտում գործող կառույցների միջև։ Շուտով նախարարությունը ձեռնամուխ կլինի նաև էլեկտրոնային առևտրի շուրջ օրենքի քննարկումներին, որի օգնությամբ կկարողանա էլեկտրոնային առևտրի բաղադրիչներն ավելի պարզ ու հասանելի դարձնել մասնավոր հատվածի, բիզնեսների համար։
Անդրադառնալով ներկաներից մեկի հետևյալ հարցին «արդյո՞ք արհեստական բանականությունը չի սպառնում աշխատաշուկայում կտրուկ փոփոխություններին և աշխատատեղերի կրճատմանը», Արշակ Քերոբյանը պատասխանեց, որ ինքը լիահույս է, որ արհեստական բանականության ներդրման շնորհիվ աշխատատեղերի և աշխատանքների որակի բարձրացում կիրականանա, նոր, ավելի հետաքրքիր և բարձրակարգ մասնագետների կարիք կլինի, աճ կապրեն ստեղծագործական աշխատանքները։
Անի Թորոյանը, լինելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գիտելիքահենք տնտեսության վարչության փորձագետ, անդրադարձավ վարչության գործունեությանը թվայնացման ոլորտում։ Անի Թորոյանը նշեց, որ թվայնացման ռազմավարության շրջանակում նախարարության գործողություններն ուղղված են բարձրացնելու տնտեսության արտադրողականությունը։ Նախարարությունը նախաձեռնել է ձեռներեցության ռազմավարության մշակում, որի առանցքներից մեկը Փոքր և Միջին Ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) թվայնացումն է։ Քանի որ Գիտելիքահենք տնտեսության վարչության նպատակը պետական քաղաքականության, գործիքների մշակումն է, մենք մասնավոր հատվածին ուղիղ աջակցություն չենք ցուցաբերում, իրենցից հավաքագրում ենք խնդիրները, որոնք առկա են, դրանց վերացման ուղղությամբ մշակում ենք ծրագրեր։ Այս պահին տնտեսության արդիականացման երկու ակտիվ ծրագրեր ունենք՝ լիզինգի սարքավորումների ձեռքբերման աջակցության ծրագիրն է և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը։ Այժմ աշխատում ենք այս ծրագրերի մասին իրազեկվածության բարձրացման և մասնավորի հետ հաղորդակցման բարելավման շուրջ։
Արման Խաչատուրյանը, որպես Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գլխավոր գործադիր տնօրեն, պատմեց գործակալության նախաձեռնությունների, դրանց ընթացքի, գրանցած հաջողությունների մասին։ Գործակալության գործունեությունը հիմնական երեք ուղղություններով է տեղի ունենում՝ տվյալների համակարգում, ազգային նույնականացում և կիբերանվտանգություն։ Գործակալության գործողությունների ծրագրի հիմքում դրված է քաղաքացին։ Համապատասխան գերատեսչությունները պետք է առաջնահերթ թվայնացնեն քաղաքացու գործողությունները՝ ընտանեկան, անձնական իրադարձությունների, բիզնեսի հիմնադրման, նույնականացման գործընթացները, որոնց միջոցով կթվայնացվի պետության հետ փոխհարաբերություններն ու պետական ծառայությունները։ Շատ կարևոր է, որ թվային փոխակերպման ամբողջ գործընթացի արդյունքում ստեղծվի վստահության միջավայր պետություն-մասնավոր և պետություն-քաղաքացի երկխոսության համար, մասնավորի կողմից առաջարկվող ծառայությունները հասանելի լինեն ոչ միայն պետությանը, այլ նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Գործակալության կողմից մշակվել է կիբերանվտանգության վերաբերյալ նոր օրենք, որն արդեն դրվել է շրջանառության մեջ և հասանելի է e-draft հարթակում։ Արման Խաչատուրյանը դիմեց ներկաներին, որպեսզի ծանոթանան օրենքի նախագծին և հետադարձ կապ տան։ Արդեն կազմավորվել է կիբերվտանգների արձագանքման թիմը, որի հիմնական նպատակն է կիբերհարձակումներին ցանցային պաշտպանություն ապահովելը, բարձրացնելը պետական հատվածի կառույցների և մասնավոր հատվածի կրիտիկական ենթակառուցվածքների թվային անվտանգությունը։
Հարմիկ Ազարյանը, պանելային քննարկման սկզբում, որպես Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ծառայությունների մատուցման ղեկավար, ներկայացրեց գործակալության նախաձեռնությունների հիմնական ուղղությունները՝ տեղեկացնելով, որ շուտով կգործարկվի ազգային ծառայությունների հարթակ, որը կմիավորի մասնավորի և պետականի կողմից առաջարկվող ծառայությունները՝ կյանքի իրադարձությունների տրամաբանությամբ։ Առաջին շերտը լինելու է թվային նույնականացումը։ Ստեղծվելու է «Ես եմ» նույնականացման հարթակը, որի շնորհիվ անձին նույնականացնելու համար իր տվյալները վերցնելու են միայն մեկ անգամ, հետագայում ID քարտով կամ մոբայլ ID-ով իրականացվելու է նույնականացումը։ Այս հարթակի արդյունավետության ապահովումն իրականացվում է նրա շնորհիվ, որ այս ծառայությունը կմատուցվի մասնավոր հատվածի կողմից՝ վերահսկվի պետության կողմից։ Պատասխանելով ներկաներից մեկի հարցին Հարմիկ Ազարյանը նշեց, որ թվայնացման գործընթացների արդյունքում պետական ծառայությունների առցանց հարթակները ստանդարտացվելու և նույն տեսքի են բերվելու, որի արդյունքում քաղաքացին հասանելիություն կունենա ծանոթանալու և օգտվելու բոլոր թվային ծառայություններից։
Արմինե Առաքելյանը ներկայացրեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։ Որպես ավագ վերլուծաբան Արմինե Առաքելյանը պատմեց, որ դեռ 3 տարի առաջ, երբ սկսվեց քովիդի համավարակը, մասնավոր հատվածի ներկայացուցիչները հասկացան թվայնացման անհրաժեշտությունը և նախաձեռնեցին թվայնացում հիմնականում մեկ ուղղությամբ՝ առցանց վաճառքների։ Այդ շրջանում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվեցին թվային գործիքների և լուծումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման վեբինարներ։ ՎԶԵԲ-ի նպատակներից էր բիզնեսներին ուղղորդել ոչ միայն դեպի թվայնացում, այլ թվային փոխակերպում, որն ավելի համապարփակ գործընթաց է, թվայնացվում են բիզնես պրոցեսները, գործունեության բոլոր փուլերը։ Կառույցը սերտ համագործակցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ, միասին ուսումնասիրում և քննարկում են, թե ինչ համակարգային լուծումներ կարող են լինել բիզնես միջավայրի թվայնացման համար։ Արմինե Առաքելյանը նշեց իրենց կողմից իրականացված թվայնացման խորհրդատուների վերապատրաստման դասընթացը, որի ընթացքում ուսումնասիրվել են տարբեր կազմակերպությունների օրինակներ և կազմվել են թվային փոխակերպման ռազմավարություններ։ ՎԶԵԲ-ն իր կառույցի ներքո ունի Թվայնացման Հաբ, որն իրականացվող բոլոր ծրագրերն ուսումնասիրում է թվայնացման տեսանկյունից և այդ բաղադրիչն է ներդնում։
Պետական-մասնավոր հատվածների հանդիպումների շարքն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից՝ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Վերոնշյալ ծրագրի շրջանակում նկարահանվել է «Թվայնացման պատմություններ» տեսահոլովակը, որում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչները պատմում են իրենց փորձի, թվային լուծումների ներդրման դրական ազդեցությունների մասին: Տեսահոլովակը հասանելի է այս հղումով...