«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոնի (CIPE) կողմից համատեղ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մայիս 23-ին տեղի ունեցավ պետական և մասնավոր հատվածների համար նախատեսված 8 հանդիպումներից առաջինը։
«Բիզնեսի թվայնացում և առկա հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման նպատակն էր ապահովել թվայնացման գործընթացներում ներգրավված կառույցների երկխոսությունը թվային փոխակերպման իրականացման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին թվայնացման վերաբերյալ հայեցակարգային հարցեր, որոնք օգնեցին խոսնակներին արդյունավետ քննարկում իրականացնել և դուրս բերել թվային օրակարգի առկա իրավիճակը, հնարավորությունները, պետական և մասնավոր հատվածների գործունեության շրջանակը։
Պանելային քննարկմանը ողջույնի խոսքեր ուղղեցին.
– Հայկուհի Գևորգյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գիտելիքահենք տնտեսության վարչության փորձագետ:
– Լուիզա Այվազյան, Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոն (CIPE) Հայաստանյան գրասենյակի ղեկավար:
– Սամվել Գևորգյան, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն։
Պանելային քննարկման խոսնակներն էին.
– Արշակ Քերոբյան, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Թվայնացման վարչության պետ:
– Նարեկ Ալեքսանյան, բիզնես փորձագետ:
– Արթուր Կարապետյան, TextnPayMe ընկերության հիմնադիր, թվայնացման մասնագետ:
– Օլգա Սեմյոնովա, Grant Thornton Armenia, կիբերանվտանգության մասնագետ:
– Կարեն Մարտիրոսյան, Avenue Consulting Group խորհրդատվական ընկերության բաժնետեր:
Հանդիպման հակիրճ ամփոփումը կարող եք տեսնել ստորև՝
1․ Պետական հատվածի դերը թվայնացման գործընթացում.
– Պետական գործընթացների թվայնացմամբ հնարավորություններ կստեղծվեն մասնավոր հատվածի թվայնացման համար։ Ծառայությունները, որ կմատուցվեն պետական հատվածի կողմից, կլինեն մատչելի, հասանելի, կապահովեն մասնավոր հատվածի կազմակերպությունների, քաղաքացիների և պետական հատվածի համագործակցությունը։
– Թվային փոխակերպման շարժիչ ուժը պետությունն է։ Ըստ պետական հատվածի ներկայացուցչի կստեղծվեն օժանդակ կառույցներ, որոնք կապահովեն բոլոր կառույցների համապարփակ թվայնացում։
– Այժմ պետական համակարգում ստեղծվում է ճարտարապետություն, որի օգնությամբ կհամակարգվի պետական կառույցների միջև աշխատանքը։ Այս գործընթացին կնպաստի թվայնացմանն ուղղված նախաձեռնությունների ուսումնասիրումն ու գնահատումը, պետական մասշտաբով վերահսկողությունը, որի արդյունքում տարբեր կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների նախաձեռնությունները կլինեն առավել արդյունավետ և թիրախային։
2․ Մասնավոր հատվածի դերը թվայնացման գործընթացում.
– Փորձագետների կարծիքով թվայնացման գործընթացներում կարևոր է մասնավոր հատվածի ներգրավվածությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու պետությանը։ Յուրաքանչյուր կառույց իր ներդրումն ունի համակարգի թվայնացման և անվտանգության գործում։ Այս տեսանկյունից կարևոր խնդիր է տվյալների ապահովությունն ու կիբերանվտանգությունը, որը յուրաքանչյուր կողմի պատասխանատվությունն է՝ և՛ մասնավոր, և՛ պետական հատվածների։
– Ըստ մասնագետների թվայնացումը վարակիչ գործընթաց է։ Համատարած թվայնացման հասնելու համար պետք է լինեն առաջնորդներ (opinion leaders), որոնք թվային փոխակերպման գաղափարով կվարակեն մյուսներին և կտարածեն նոր տեխնոլոգիաների օգտագործումը։ Օրինակ առցանց խանութների հաջողությունը կարող է վարակիչ լինել խանութ-սրահների համար, որոնք նույնպես կթվայնացվեն, կառաջարկեն առցանց վաճառք և սպասարկում
– Թվայնացման գործընթացում կարևոր դեր ունի վստահությունը և թափանցիկությունը։ Գնորդի / հաճախորդի վստահությունը շահելու համար առաջարկվում է, օրինակ, առցանց վաճառքի դեպքում թափանցիկ դարձնել պատվիրատուին ներկայացվող պահեստում առկա տեսականու քանակը, առաքման ամբողջ ընթացքը, քայլերը և վերջնաժամկետը։
3․ Ի՞նչը կարող է մղել բիզնեսին թվայնացվելու.
– Փոքր և միջին բիզնեսների համար կան որոշակի խնդիրներ արտահանման գործընթացում։ Փոքր բիզնեսների դեպքում դա կարող է անգամ կործանարար լինել։ Թվայնացման շնորհիվ այդ բիզնեսները հնարավորություն կստանան դուրս գալ միջազգային առցանց հարթակ, առաջարկել իրենց ապրանքն ու ծառայությունը հանրության ավելի լայն շրջանակին՝ խուսափելով լոգիստիկ խնդիրներից և մեծ ներդրումներից։
– Ըստ փորձագետի թվայնացման արժեքը տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու կարողությունն է, որը կարող է շահագրգռել բիզնեսներին կատարել թվային փոխակերպում և բարձրացնել իրենց որոշումների արդյունավետությունը։
– Թվայնացման գործընթացների ընթացքում ձեռներեցների մոտ կառաջանա ընդհանուր հոսքից դուրս մնալու զգացողություն (fear of missing out), որը կնպաստի կազմակերպության թվայնացմանը և տեխնոլոգիական լուծումների օգտագործմանը։
4․ Ի՞նչ խոչընդոտներ կան թվայնացման ճանապարհին.
– Թվային փոխակերպումը, ինչպես ցանկացած փոփոխություն, առաջացնում է հակազդեցություն։ Մի ստվար զանգված չի պատկերացնում՝ ինչ է իրենից ակնկալվում, ինչ է իրեն սպասվում, և արդյունքում լրացուցիչ ծանրաբեռնվածության տպավորություն է ստեղծվում։
– Թվայնացման ճանապարհին բազմաթիվ ռիսկեր կան, որոնք պայմանավորված են նոր համակարգերի և գործիքների ներդրմամբ, անծանոթ հարթակների օգտագործմամբ։ Երբ ձեռնարկատերը չի տեսնում իր տվյալների ֆիզիկական տեղը, առաջանում է անվստահություն համակարգում տվյալների պահպանման և այդ համակարգից տվյալների արտահոսքի վերաբերյալ։ Այս տեխնիկական խնդիրները կարող են խոչընդոտ հանդիսանալ բիզնեսների թվայնացման ճանապարհին։
– Թվայնացման անհրաժեշտ բաղադրիչներից է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, ինչը ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Երբ գործարարը չի տեսնում իր ներդրման արդյունքը, խուսափում է այն կատարել։
– Սխալ է մտածել, որ թվայնացումը «կփրկի աշխարհը» կամ կլուծի բոլոր խնդիրները։ Օրինակ ֆինանսական շուկաների տարբերության պատճառով Հայաստանում ՏՏ կազմակերպությունների ներքին ռեսուրսը գրեթե չի ծառայում տեղական բիզնեսներին և նորարար լուծումներ չի առաջարկում պետության ներսում բարելավումներ իրականացնելու, թվային փոխակերպմանը նպաստելու համար։
5․ Թվային փոխակերպման իրականացման համար խոսնակների կողմից առաջարկվել է.
– Ստեղծել այնպիսի գործընթացներ, որոնք կմղեն բիզնեսներին թվայնացվել։ Առաջարկվում է, օրինակ, արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրել այն ՓՄՁ-ներին, որոնց բիզնես պրոցեսներն ավտոմատացված են, միջնորդել նրանց մասնակցությունը միջազգային մրցույթներին և ցուցահանդեսներին։
– Պետության կողմից մատուցվող ծառայություններում ներդնել բարելավման պրոցեսներ, որոնք կօգնեն վերհանել առկա համակարգերի բացերը, վերահսկել ներդրվող համակարգերի աշխատանքը և հետադարձ կապը օգտատերերի կողմից։
– Ներդնել հարթակ, որի միջոցով պետական հատվածի կառույցների կողմից իրականացվող նախաձեռնություններն ու միջոցառումները հասանելի կդառնան մասնավոր հատվածին և հանրությանը։ Սոցիալական ցանցերում պետական կառույցների ներկայությունն ու բրենդավորումը կարող են խթանել պետական-մասնավոր հատվածների երկխոսությանն ու համագործակցության արդյունավետությանը։
– Ուսումնասիրել և գնահատել թվայնացմանն ուղղված նախաձեռնությունները, վերահսկել, որ տարբեր կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող գործընթացները լինեն թիրախային և նպատակաուղղված։
Պետական-մասնավոր հատվածների հանդիպումների շարքը իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոնի (CIPE) համատեղ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար հետևեք մեր հրապարակումներին։