«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացնում է «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ պետական և մասնավոր հատվածների համար նախատեսված 8 հանդիպումների շարքի 5-րդ միջոցառումը։
«Թվայնացում․ ՏՏ – Խորհրդատուներ – ՓՄՁ համագործակցություն» խորագրով հանդիպման հիմնական նպատակն էր համախմբել թվայնացման երեք դերակատար կողմերին, բացահայտել համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները, վեր հանել պետության դերը այս համագործակցության բարելավման գործընթացում։
Քննարկման արդյունքում առանձնացվեցին այն բացթողումները, կարիքները, ինչպես նաև այն լուծումները, որտեղ պետությունն իր ներդրումը կարող է ունենալ։ Քննարկման մասնակիցներն էին ՏՏ ոլորտի, խորհրդատվական ոլորտի և բիզնեսների մոտ 45 ներկայացուցիչներ։
Հանդիպման մոդերատորներն էին․
– Սամվել Գևորգյան, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն,
– Արսեն Մնացականյան, ՏՏ ոլորտի Essential կազմակերպության բիզնեսի զարգացման մասնագետ,
– Դավիթ Սարգսյան, IT Spark կազմակերպության հիմնադիր տնօրեն:

Ստորև կարող եք տեսնել հանդիպման ընթացքում հնչած բոլոր մտքերի ամփոփումը՝
ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ
1․ Երբեմն մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն թվային հարթակների և լուծումների մասին։ Յուրաքանչյուր ձեռնարկատեր պետք է պատկերացնի իր բիզնես գործընթացները, ներկայացնի դրանք ՏՏ ներկայացուցչին, որն էլ, ըստ խնդիրների, կառաջարկի թվայնացման անհրաժեշտ լուծումներ։
2․ Խորհրդատուները դեռևս չեն զբաղեցրել իրենց դերը թվայնացման գործընթացում որպես թարգմանիչ, ով ապահովում է ՏՏ-ի և բիզնեսի ներկայացուցչի փոխըմբռնումը։
3․ Խորհրդատուները երբեմն բախվում են մտածելակերպի խնդրի հետ։ Իրենց խնդիրն է դառնում հավաստիացնել պատվիրատուին, որ առանց նորարարության և թվայնացման մրցունակություն ապահովել հնարավոր չէ։
4․ Երբեմն խորհրդատուները ևս թերանում են, ունենում են կարողությունների խնդիր, վերապատրաստման և գիտելիքի պակաս։
5․ Կազմակերպություններում երբեմն որոշումները կայացվում են միանձնյա։ Որպես ուղղորդող, խորհրդատուները պետք է օգնեն ձեռնարկատերերին հստակեցնել իրենց պահանջները, կազմել ստրատեգիա, օգնեն, որ որոշումները կայացվեն թափանցիկ, արդյունավետ և ոչ միանձնյա։
6․ Եռակողմ համագործակցությունը շատ թույլ է․ բիզնեսի ու ՏՏ ներկայացուցիչները խորհրդատուին չեն ընդունում որպես կապող ու կարևոր օղակ։ Ձեռնարկատերը մտածում է, որ իրենից լավ ոչ ոք չգիտի իր բիզնեսը, հաշվի չի առնում խորհրդատուի փորձը, դրա հիման վրա կուտակված տվյալները, որոնց շնորհիվ ճիշտ ուղղորդում կարող է տրվել իրեն։
7․ Մենք չունենք հայկական CRM, ERP հարթակներ, տեղում մշակվածները թանկ են։ Այլ երկրների հարթակների ծառայություններից օգտվելը կարող է առաջացնել տվյալների անվտանգ պահպանության խնդիրներ։
8․ Երբեմն սխալ պատկերացում կա, թե թվայնացման խորհրդատուն ինչ կարող է անել։ Այստեղ պետք է հստակեցնել, որ եթե բիզնեսի գործունեության մեջ կան խնդիրներ, բիզնես մոդելը լավ չի աշխատում, թվայնացումը չի կարող լուծել այդ բոլոր խնդիրները։
9․ Ձեռնարկատերերը մանրամասն չեն պատկերացնում՝ ինչ կտա իրենց տվյալ թվային լուծումը, խորհրդատուները կամ ՏՏ ներկայացուցիչները դրանք ներկայացնում են մակերեսորեն, ինչի պատճառով ձեռնարկատերը չի պատկերացնում այդ ներդրումը կատարելու կարիքը, չի ցանկանում թվայնացվել։
10․ Ձեռնարկատերերը դիմում են ՏՏ ընկերություններին և հարցում կատարում որևէ թվային լուծման կամ հարթակի վերաբերյալ՝ առանց ներկայացնելու իրենց բիզնես խնդիրը։
11․ Կա նաև իրազեկվածության պակաս, բիզնեսները չգիտեն, որ կան անվճար գործիքներ, որոնք կարող են ծառայել իրենց։
12․ Երբեմն ՏՏ ներկայացուցիչները բախվում են այն խնդրին, որ մարդիկ չգիտեն՝ որ տվյալը կարելի է փոխանցել, որը՝ ոչ։ Առցանց հարթակ ընտրելիս ձեռնարկատերերը սկսում են դիմադրել տվյալներ տրամադրելիս, չեն տարբերակում անձնական կամ գաղտնի տվյալները։
13․ Եռակողմ համագործակցության ժամանակ հաճախ հանդիպում է նաև հաղորդակցման լեզվի և տերմինների խնդիր, ձեռնարկատերը չի տիրապետում ՏՏ-ի տեխնիկական լեզվին և նույնը՝ հակառակը։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
1․ Քանի որ պետությունը չի կարող անմիջապես միջամտել բիզնեսի թվայնացման գործընթացում, առաջարկվում է մշակել որոշակի օրենք, հասկանալ ինչ արտոնություններ կարող են տրամադրվել թվայնացված բիզնեսներին։ Օրինակ Գերմանիայում պետությունը սուբսիդավորում է և պարտադրում է բիզնեսներին օգտվել խորհրդատուների ծառայություններից։
2․ Առաջարկվում է ստեղծել բիզնեսի թվայնացման խնդիրները բացահայտող գործիք, որը կօգնի կրճատել խորհրդատուների՝ բիզնես խնդիրներն ուսումնասիրելու և բացահայտելու ժամանակը։
3․ Բիզնեսը հիմնադրելիս ձեռնարկատերն ընտրում է գործունեության ոլորտ, առաջարկվում է, որ պետությունը պարտադրի ձեռնարկատերերին իրենց գործունեությանը, հարկային կոդին համապատասխան թվային գործիքներ ներդնել և օգտվել։
4․ Պետությունը կարող է իր տվյալների հիման վրա ուղղորդում անել։ Օրինակ, եթե նույն տարածքում մի քանի անգամ փորձել են բանջարեղենի խանութ հիմնել, որը կարճ ժամանակում փակվել է, կարելի է նախկին փորձը հաշվի առնելով ուղղորդել, որ նորից չհիմնեն այդտեղ նույն բիզնեսը։
5․ Անհրաժեշտ է, որ պետությունը ստեղծի հաղորդակցման հարթակ, որտեղ առաջնային կերևան ոլորտային կարիքները, պահանջները, այդպիսով պետությունը կարձագանքի, կնախաձեռնի աշխատանքներ, կկատարի ուղղորդումներ։
6․ Կարելի է ստեղծել բիզնեսի հիմնադրման ուղեցույց, որը կուղղորդի սկսնակ ձեռնարկատերերին կատարել բիզնեսի հիմնադրման անհրաժեշտ քայլերը։
7․ Թվայնացման շրջանակում առաջարկվում է բիզնեսի բոլոր անկանխիկ գործարքները ինտեգրել առցանց հարկային համակարգին։
8․ Անհրաժեշտ է, որ պետության կողմից աջակցություն լինի խորհրդատուների թվայնացման մասնագիտացումն ապահովելու, թվայնացման խորհրդատուներին վերապատրաստելու համար։
9․ Պետության դրամաշնորհային փաթեթներին դիմելու համար խորհրդատուները կարող են աջակցություն տալ բիզնեսներին, պետությունն էլ կարող է խրախուսել այս համագործակցությունը խորհրդատուների հետ։
10․ Պետությանն առաջարկվում է ձևավորել թվայնացման ծառայություններ մատուցողների և խորհրդատուների որակի ինստիտուտ, որը կկարողանա երաշխավորել մասնագետներին, վստահություն ստեղծել բիզնեսի ներկայացուցչի հետ համագործակցության համար։ Այս գնահատումն ու որակավորումն իրականացնելու համար անհրաժեշտ է հենվել միջազգային որակավորումների և փորձի վրա։
11․ Առաջարկվում է ստեղծել CRM, ERP և այլ թվայնացման հարթակների հայկական տարբերակները, որոնք ապահով կերպով կպահպանեն հայկական բիզնեսների տվյալները։ Որոշ չափանիշներից ելնելով խորհուրդ է տրվում բիզնեսներին պարտադրել ներդնել նշված համակարգերը։
12․ Կարելի է պետության կողմից սուբսիդավորման կամ աջակցության շնորհիվ ձեռնարկատերերին որոշակի ժամկետով տրամադրել անվճար թվային լուծում, որի փորձարկումից և հաջողությունից հետո, տեսնելով թվայնացման արդյունքները, ձեռնարկատերը պատրաստ կլինի թվայնացվել։
«Թվայնացում․ ՏՏ – Խորհրդատուներ – ՓՄՁ համագործակցություն» խորագրով եռակողմ հանդիպմանը հաջորդելու է պետական-մասնավոր հատվածների հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ, որի ընթացքում քննարկվելու են վերոնշյալ խնդիրներն ու առաջարկները։ Հետևեք BSC սոցիալական էջերին հաջորդ հանդիպում-քննարկումների մասին տեղեկանալու համար։
Նշենք, որ Պետական-մասնավոր հատվածների հանդիպումների շարքն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար հետևեք մեր հրապարակումներին։