«Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթի ամփոփում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթի եզրափակիչ փուլը և հաղթողներին դրամաշնորհի տրամադրման միջոցառումը տեղի ունեցավ 2020թ. փետրվարի 5-ին Հայաստանի Բարեգործական Ընդհանուր Միության շենքում: Մրցույթի նպատակն էր խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նորարար գաղափարների կյանքի կոչմանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի զարգացմանը:

Մրցույթի մասնակցության համար ստացված 244 հայտերից, համաձայն մրցույթի անցկացման կարգի և գնահատող հանձնաժողովի կողմից ներկայացված արդյունքների, եզրափակիչ փուլ էին անցել 16 հայտ:
Միջոցառման ընթացքում 16 թիմերը ներկայացրին իրենց գաղափարները ելույթի և հարց ու պատասխանի միջոցով, իսկ ՏՏ ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը սահմանված չափորոշիչների համաձայն, գնահատման արդյունքում հաղթող ճանաչեց 7 թիմերի։

Մրցույթում շահած թիմերը կստանան դրամաշնորհ, յուրաքանչյուրը՝ 2,500,000 ՀՀ դրամի չափով: Հաղթող 7 բիզնես գաղափարներն են՝
1. Bridge 42
2. Robin Robot
3. Dzook
4. InvestigatoRobot
5. SimLas
6. Nano energy Solar cells
7. PinoKIT

Մրցանակաբաշխության ժամանակ իր ուղերձով և այս տարվա հետագա պլաններով ներկաների հետ կիսվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Բացի թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսական աջակցությունից, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի մասնագետները շարունակական աշխատանքներ կտանեն հաղթած թիմերի հետ գործունեության ծավալման ընթացքում՝ ծրագրերը նպատակային իրականացնելու համար:
