«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոնի (CIPE) կողմից համատեղ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հունիս 29-ին տեղի ունեցավ պետական և մասնավոր հատվածների համար նախատեսված 8 հանդիպումների շարքի 2-րդ միջոցառումը։
«Բանկերի և մասնավոր հատվածի համագործակցություն թվայնացման օրակարգում» խորագրով քննարկման նպատակն էր ստեղծել հաղորդակցման հարթակ ֆինանսական ոլորտի կազմակերպությունների, բանկերի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև, որը կնպաստի վերջիններիս համագործակցությանը թվային փոխակերպման ճանապարհին։
Հանդիպման ընթացքում ներկաների կողմից բարձրաձայնվեցին թվայնացման վերաբերյալ հարցեր և առաջարկներ, քննարկվեցին բանկերի և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակը, առկա խնդիրներն ու հնարավորությունները։
Քննարկման սկզբում ողջույնի խոսքեր ուղղեցին Լուիզա Այվազյանը՝ Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոնի (CIPE) Հայաստանյան գրասենյակի ղեկավարը և Սամվել Գևորգյանը՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրենը։
Քննարկման մոդերատորն էր Օլգա Սեմյոնովան՝ Grant Thornton Armenia, կիբերանվտանգության մասնագետը։
Քննարկման մասնակիցներն էին պետական և մասնավոր հատվածի, բանկերի, վարկային և ֆինտեք կազմակերպությունների 40 ներկայացուցիչներ։
Հանդիպման հակիրճ ամփոփումը կարող եք տեսնել ստորև՝
1․ Ինչպե՞ս է թվայնացումն ազդել բանկերի և իրենց հաճախորդների հարաբերությունների վրա.
– Բիզնես փորձագետ Սամվել Գևորգյանը նշեց Ղազախստանի օրինակը, որտեղ բանկերը արտոնյալ պայմաններ են տրամադրում այն կազմակերպություններին, որոնց բիզնես պրոցեսներն ավտոմատացված են։ Դրա շնորհիվ բանկի և մասնավոր կազմակերպության համագործակցության արդյունավետությունն է բարձրանում․ բանկում գործընթացն ավելի արագ է տեղի ունենում, քանի որ բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ ձևաչափով են ձեռք բերվում։ Նման օրինակով պետական կառույցները կամ ֆինանսական ոլորտի կազմակերպությունները կարող են ուղղորդել մասնավոր հատվածին դեպի թվայնացում։
– Ներկաները կիսում էին իրենց փորձառությունը բանկերի կողմից առաջարկվող գործիքների և հարթակների վերաբերյալ՝ նշելով, որ երբեմն մարդկանց հասանելի չեն լինում թվային նոր հնարավորությունները և լայն շրջանակներում դժվարություն է առաջանում առցանց գործիքների կիրառումը։ Այս մասին խոսեց Սպառողների աջակցման կենտրոնի տնօրեն Աշոտ Միրզոյանը՝ առաջարկելով նոր համակարգերի և թվային գործիքների ներդրմանը զուգահեռ կրթական նախաձեռնություններ ունենալ, սովորեցնել հասարակության լայն հատվածներին՝ ինչպես օգտվել թվային լուծումներից։ Արձագանքելով այս հարցին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանն ասաց, որ իրենց գործունեության շրջանակում նախատեսում են կրթական կոմպոնենտ ներդնել՝ ներգրավելով նաև ակադեմիական հատվածի ներկայացուցիչներին։ Նա հստակեցրեց նաև, որ առաջընթաց ապահովելը միանշանակ պետք է՝ անկախ նրանից, թե այս պահին մարդիկ որքանով են պատրաստ այդ փոփոխություններին։
2․ Ֆինանսական ոլորտի կազմակերպությունների թվայնացման ի՞նչ խոչընդոտներ կան.
– Հիմնական խոչընդոտներից մեկը պետական մասշտաբով ենթակառուցվածքների թվայնացված չլինելն է։ Այս մասով ՀՏՀԳ-ում ազգային վստահելիության հարթակի ներդրման գործընթացն արդեն սկսվել է, ստեղծվում է ճարտարապետություն, ներդրվում են ստանդարտներ, որոնք կկարգավորեն պետական գնումներն ու կուղղորդեն մասնավորին ճիշտ ձևաչափով կատարել իրենց բիզնես գործարքները։
– Վարկային կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչներ նշեցին, որ ընկերությունների ինքնուրույն թվայնացման համար բավականին ֆինանսական ներդրումների կարիք է լինում, հաճախ կազմակերպությունները ստիպված են լինում ընտրել շրջանցիկ ճանապարհներ, որի պատճառով էլ գործընթացն ավելի դժվարանում և դանդաղում է։ Ըստ վարկային կազմակերպության ներկայացուցչի ամենաբարդ գործընթացը հաճախորդների նույնականացումն է, որտեղ այլ երկրի փորձարկված լավագույն համարվող ենթակառուցվածքը ներդնելը շատ ֆինանսներ է պահանջում, իսկ երկրի ներսում վարկային բյուրոյին միանալը բավական չի լինում․ նույնականացում իրականացնելու համար պետք է բոլոր գործընկերները միանան նույն համակարգին։ Այս կետին անդրադառնալով Ներսես Երիցյանը նշեց, որ ՀՀ-ում գործող տելեկոմների և բանկերի համագործակցությամբ ստեղծվել է Mobile ID միասնական հարթակը, որը հնարավորություն է տալիս մասնավոր կազմակերպություններին API-ի միջոցով հասանելիություն ստանալ հարթակին։ Այս մասով գործակալության թիրախն այն է, որ 2023 թվականի ավարտին մոտ 1 մլն քաղաքացու տվյալներ արդեն հասանելի կլինեն Mobile ID միասնական հարթակում։ Թվայնացման ճանապարհին հաջորդ խոչընդոտը, որ բարձրաձայնվեց հանդիպման ընթացքում վերաբերում էր կիբերանտանգությանը և տվյալների պահպանման ապահովությանը։ Ներսես Երիցյանը նշեց, որ գործող առցանց առևտրի և ծառայությունների հարթակներում հաճախորդի իրավունքները չեն պահպանվում։ ՀՏՀԳ գործունեության շրջանակներում ձևավորվում է աշխատանքային խումբ, որը կմշակի օրենսդրական բարեփոխումների ծրագիր, ինչպես նաև կիբերանվտանգության վերաբերյալ օրինագիծ։
– Մասնավոր հատվածի Վիրտուալ ԱՏՍ ծառայություն առաջարկող կազմակերպության ներկայացուցիչ Սիրանուշ Սեյրանյանն ավելացրեց, որ իրենց ծառայության ներդրման հիմնական խոչընդոտը հանդիսանում է վստահության պակասը․ մարդիկ չեն ցանկանում իրենց զանգերի ձայնագրությունները կամ հաճախորդների բազաները տրամադրել 3-րդ կողմի։ Նա նաև նշեց, որ բիզնեսներն արդեն բավականին գիտակցված են գնում թվայնացման քայլին, այլևս կարիք չի լինում թվայնացման անհրաժեշտությունը բացատրելու և համոզելու։ Այստեղ կարևոր է նաև հաշվի առնել, որ թվային փոխակերպման որոշման կայացման հարցը կախված է կազմակերպության ղեկավարի կրթության և տեղեկացվածության մակարդակից, թվայնացման հանդեպ վերաբերմունքից, որը նույնպես կարող է խոչընդոտներ առաջացնել։
3․ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում բանկերը և ֆինանսական կազմակերպությունները բլոկչեյների, ֆինտեք կազմակերպությունների հետ արդյունավետ մրցակցության համար.
– Վարկային կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ իրենք արդեն որդեգրել են այն մոտեցումը, որ իրենց հաճախորդներին պետք է ներգրավված և հետաքրքրված պահեն ոչ միայն վճարովի ծառայությունների միջոցով, այլ նաև սոցիալական նախաձեռնություններով։ Իրենք իրականացնում են տարբեր կրթական և գյուղական համայնքների զարգացման ծրագրեր, ստեղծել են բարեգործական հիմնադրամ, որն օգնում է ուսանողներին անցնել արտադրական պրակտիկա և հեշտությամբ մտնել աշխատաշուկա։
– Սամվել Գևորգյանը նշեց Tinkoff բանկի օրինակը, որն իր հաճախորդներին առաջարկում է հաշվապահապան ծառայություններ։ Ունենալով հաճախորդի բոլոր փոխանցումների մասին տեղեկատվությունը, բանկերի համար դա հեշտ գործընթաց է, իրականացվում է ավտոմատացված համակարգի շնորհիվ, իսկ հաճախորդի համար բանկը արագ և վստահելի գործընկեր է լինում նաև հաշվապահական ոլորտում։
– Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Արսեն Արամյանը նշեց, որ մարտահրավերն արդեն իրական է, քանի որ open banking-ը շուտով գործարկվելու է, բանկերը ստիպված են լինելու մատուցել թվային ծառայություններ և մտնել ուղիղ մրցակցության մեջ իրենց ՏՏ լուծումներով։ Արսեն Արամյանը կոչ արեց բանկերին հարստացնել իրենց ՏՏ վարչությունները, ներդնել API layer-ներ ու ներգրավել նոր աշխատակիցներ՝ առաջարկելով ՏՏ մասնագետներին շուկայական գներին համապատասխան աշխատավարձեր։ Անդրադառնալով այս կետին Հայբիզնեսբանկի ներկայացուցիչ Վահան Հարությունյանն ասաց, որ իրենք արդեն նկատել են նոր մասնագետների կարիքը, փորձել են ներգրավել ոլորտի մասնագետներին, առաջարկել բանկային ոլորտից տարբերվող աշխատանքային պայմաններ։ Վահան Հարությունյանը նշեց, որ փորձել են ներգրավել նաև բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներին, վերապատրաստել իրենց, օգնել մուտք գործել աշխատաշուկա։
– ՏՏ կազմակերպության ներկայացուցիչ Արսեն Մնացականյանն առաջարկ հնչեցրեց ՏՏ մասնագետներին կարճաժամկետ ներգրավելու մասին։ Ներկաները համաձայնեցին, որ developer as a service ձևաչափով համագործակցությունն արդեն արդիական է դառնում, և բանկերը կարող են համագործակցել ՏՏ կազմակերպությունների հետ այդ ձևաչափով՝ շրջանցելով մշտական աշխատակից ներգրավելու խնդիրները։ Արսեն Մնացականյանը նշեց, որ Հայաստանում կան ՏՏ մասնագետներ, որոնք ունեն մեծ փորձառություն, աշխատել են արտասահմանյան մեծ բանկերի և ընկերությունների հետ, և առաջարկեց ներգրավել այդ մասնագետներին, տեղայնացնել իրենց գիտելիքներն ու փորձառությունը։
Պետական-մասնավոր հատվածների հանդիպումների շարքը իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկությունների Կենտրոնի (CIPE) համատեղ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար հետևեք մեր հրապարակումներին։