«Հերթական անգամ հնչեցին հերթական հարցերը. ցանկանում եմ բիզնես ունենալ, ինչի՞ց սկսեմ… մտածում եմ գործս փոխել, ինչի՞ց սկսեմ … փոփոխությունների կարիք եմ զգում, ինչի՞ց սկսեմ…»:
Սրանք հարցեր են, որոնց անհապաղ արձագանքելուց է կախված՝ արդյոք կլինի՞ ցանկալի փոփոխությունը #1րոպեանց: Նման կարեւոր որոշումներ կայացնելուն պետք է մշտապես պատրաստ լինել, եւ դրանում կարող է օգնել «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի նոր գիրքը: Այն հենց այդպես էլ վերնագրված է՝ «1 րոպե անց»: Թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս, Banks.am-ը պարզել է հեղինակի հետ զրույցում:
«Եթե ժամանակին գործդ չես անում, այդ ժամանակն այլեւս չկա»
Մի վարժություն կա, որ հատկապես բիզնես դասընթացներում հաճախ է օգտագործվում: Մարդկանց ասվում է՝ փակեք աչքերն ու բացեք, երբ կանցնի 1 րոպե: Սամվել Գեւորգյանի խոսքով՝ այս վարժության ժամանակ մարդիկ 3 խմբի են բաժանվում. մոտ 60%-ն աչքերը բացում է ավելի վաղ, 30%-ը ավելի ուշ, եւ միայն 10%-ն է ժամանակին բացում: Այսինքն՝ մարդկանց 90%-ի մոտ չկա ժամանակի զգացումը:
1 րոպեի՝ ոչ թե որպես ժամանակի միավորի, այլ որպես ժամանակի զգացողության բացակայությունը դժվար կառավարելի է դարձնում այն ամբողջը, ինչին անխուսափելիորեն առնչվում ենք կյանքում եւ բիզնեսում՝ շարունակական փոփոխություններ, մշտական անորոշություններ, անընդհատ ճգնաժամեր: 1 րոպեն ունիվերսալ միավոր է չափելու մեր հնարավորությունները, գիտելիքները, հմտությունները, արված գործերը, հաջողություններն ու արդյունքները:
«Անընդհատ գնահատելով, թե ինչ ունեցար դու հաջորդ «րոպեին»՝ կարողանում ես որսալ պահն ու օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն»,- ասում է Սամվել Գեւորգյանը: Նա հավելում է, որ նման մոտեցման համար անհրաժեշտ է ստեղծել մի համակարգ, որտեղ արժեք է յուրաքանչյուր րոպեն եւ արդյունքները գրանցվում են ընդամենը «մեկ րոպե անց»:
«Ոչ ոք չգիտի՝ ինչի է ընդունակ, քանի դեռ չի նախաձեռնել որեւէ մեծ գործ»
Հեղինակի նախորդ՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը, որ ներկայացնում է բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման ու զարգացման ընթացքը, սկսվում է վերջաբանից, որը մոտիվացիա հաղորդելու նպատակ ունի: Նրա խոսքով՝ գրքի ընթերցողները բաժանվեցին 2 խմբի.
«Մի մասն իրապես բիզնես նախաձեռնողներն էին, որ անմիջապես գործի անցան, մյուս մասը, թեեւ վերջաբանով մոտիվացվեցին, սակայն նրանց համար գրքի որոշ հատվածներ շարունակեցին «մութ» մնալ: Հիմնականում 18-30 տարեկանների մոտ որոշակի գաղափարական ճեղքվածք կար բիզնես աշխարհին պատրաստ լինելու տեսանկյունից: Այդ բացը լրացնելու համար էլ որոշեցի գրել «#1րոպեանց»-ը, որ ոչ միայն պարզապես ասում է՝ դու կարող ես, այլ քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես»,- մանրամասնում է Սամվել Գեւորգյանը:
Հեղինակը գիրքը սկսել է գրել 2020 թվականի ապրիլին, երբ համավարակով պայմանավորված խիստ սահմանափակումներ էին, ու ամեն ինչ կարծես կանգ էր առել: «Ինձ համար այդ «դադարը» խիստ անսովոր էր, դրա համար էլ սկսեցի արագ լուծումներ փնտրել: Ընկերությունում մի շարք նոր ծրագրեր նախաձեռնեցինք ու իրավիճակից դուրս եկանք: Այդ ընթացքում էլ սկսեցի գրքի վրա աշխատել՝ ցույց տալով, որ միշտ պետք է առաջ շարժվել՝ անկախ իրավիճակից»,- նշում է նա:
«Շատերը ուզում են լինել հաջողակների 1%-ի մեջ, սակայն անում են 99%-ի նման»
«1 րոպե անց»-ը մի շարք հարցերի բոլորովին այլ կերպ է մոտենում: Գրքում ներկայացվող վատ սովորությունների շարքում են չկարողանալ ոչ ասելը եւ անհանդուրժող լինելը: Թույլ կողմերը զարգացնելու համար էլ հեղինակը նոր բանաձեւ է առաջարկում.
«Մարդիկ հաճախ են ասում՝ ուզում եմ վերացնել թերություններս, բայց չեն փորձում դա անել ուժեղ կողմերը շեշտադրելու միջոցով: Ինձ ծանոթ մի գործարար կա, որ անգլերեն չգիտեր ու այդ պատճառով ցուցահանդեսների չէր մասնակցում: Ասացի նրան, որ իր մոտ շատ լավ է ստացվում մարդկանց հետ հաղորդակցվելը, ու նա կարող է դա անել անգամ առանց լեզուն իմանալու՝ ոչ վերբալ եղանակով: Դրանից հետո սկսեց մասնակցել միջազգային ցուցահանդեսների, կոնֆերանսների, շատ շփումների արդյունքում էլ անգլերեն սովորեց», – նշում է Սամվել Գեւորգյանը՝ հավելելով, որ սա ընդամենը մեկ օրինակ է բազմաթիվ այն եղանակներից, որոնցով կարելի է արագ հաղթահարել թերությունները:
«Ժամանակն է դիրքավորվելու», «Ժամանակն է գլոբալ մտածելու», «Ժամանակն է մեծ գործեր անելու»՝ գրքի այս եւ մյուս գլուխները կարող են յուրաքանչյուրին պատրաստել կարեւոր որոշումների կայացմանը: Գրքում տեղ են գտել նաեւ հեղինակի անձնական պատմությունները, որոնցում նա կիսվում է իր փորձով: Այս կերպ ուղեցույց-գիրքն ավելի կենդանի է դառնում ու բառերն առարկայանում են: Քանի որ գիրքն ուղղված է երիտասարդներին, այն գրված է սոցիալական ցանցերի լեզվի ձեւաչափով: Ընթերցանությունն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով էլ գրքում որոշակի բովանդակային նրբություններ կան, որ պետք է բացահայտի ընթերցողը:
«Եթե դու նման ես ուրիշներին, ապա դու նման չես ինքդ քեզ»
Նպատակն է, որ գրքի ամբողջ տպաքանակը՝ 1000 օրինակ, ավարտվի շնորհանդեսից 1 րոպե անց, որը համահունչ կլինի գրքի բովանդակության հետ: Սամվել Գեւորգյանի խոսքով՝ 17 օրվա ընթացքում 1000 գիրք վաճառելու փորձ Հայաստանում դեռեւս չկա: «Բոլորն ինձ ասում էին՝ անհնար է, բայց ինչպես գրքում եմ նշում, եթե շատերն ասում են, որ գաղափարդ անիրագործելի է, ուրեմն իսկական ժամանակն է դրանով զբաղվելու»,- նշում է Սամվել Գեւորգյանը՝ ընդգծելով, որ սա գրքում առկա գաղափարների գործուն օրինակը կլինի:
Շնորհանդեսի ձեւաչափը եւս բոլորովին այլ է լինելու՝ սպասվում են հետաքրքիր միջոցառում, անակնկալներ եւ հատուկ չելենջներ: Այն տեղի կունենա LOFT-ում փետրվարի 11-ին՝ ժամը 19:00-ին: Գրքի հեղինակի խոսքով՝ շնորհանդեսը լինելու է ոչ թե ինչ-որ բանի սկիզբը, այլ իրադարձություն, որը սկիզբ է դնելու նոր գաղափարների: «1 րոպե անց»-ն ավարտվում է «Փորձում եմ, ու հաջողվում է» մարտահրավերով: Իսկ արդյունքը նշմարվում է ընդամենը #1րոպեանց: