«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հատուկ նախագծին։
Նախագիծն իրականացվում է Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակներում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։
Մասնակցելով նախագծին՝ հնարավորություն կունենաք ձեռք բերելու ձեռնարկատիրական բազային գիտելիքներ և հմտություններ, ստեղծելու նոր կապեր, դառնալու բիզնես համայնքի անդամ, ինչպես նաև հետևողական աշխատանքի արդյունքում՝ ստանալու փոքր դրամաշնորհներ ձեր բիզնես գաղափարը կյանքի կոչելու կամ զարգացնելու համար։
I. Ի՞նչ է առաջարկում նախագիծը․
– Բիզնես գաղափարի վավերացման և բիզնես մոդելի մշակման դասընթաց:
– Բիզնես պլանավորման 7-օրյա դասընթաց:
– Խորհրդատվություն և աջակցություն բիզնես պլանի մշակման ընթացքում:
– Բիզնես պլանների ներկայացում ընտրական հանձնաժողովին:
– Ֆինանսավորում՝ փոքր դրամաշնորհների միջոցով (մինչև 1,600,000 ՀՀ դրամ):
– Քոուչինգ, մենթորություն և խորհրդատվություն՝ բիզնեսի իրականացման փուլում:
I. Ծրագրի թիրախային խմբերը
Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք, ովքեր բնակվում են Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերում կամ երևանամերձ համայնքներում, և ներկայացնում են հետևյալ թիրախային խմբերից որևէ մեկը․
– Լեռնային Ղարաբաղից 2020 կամ 2023թ․ տեղահանված անձինք․
– 2020 կամ 2023թ․ պատերազմների հետևանքով տուժած՝ տեղացի անձինք, այդ թվում՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների անդամներ․
– Պատերազմի հետևանքով տուժած բիզնես ունեցողներ
– Լոռու մարզում ջրհեղեղից տուժած անձինք․
– Ովքեր կորցրել են իրենց գույքը, կամ այն վնասվել է գետի վարարումների հետևանքով․
– Ում բիզնեսը կամ գյուղատնտեսական տարածքները վնասվել կամ ավերվել են գետի վարարումների հետևանքով․
– Շիրակի, Լոռու, Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ․
– Հաշմանդամություն ունեցող անձինք․
Նշում․ Հայտը լրացնելիս անհրաժեշտ է կցել կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթուղթ/ փաստաթղթեր (օրինակ՝ անձնագիր, տեղեկանք, վկայական և այլն)։
III. Ծրագրին կարող եք դիմել, եթե ներկայացնում եք վերևում նշված թիրախային խումբը և`
– Նախկինում ունեցել եք բիզնես և այժմ ցանկանում եք վերագործարկել այն։
– Հանդիսանում եք ինքազբաղված անձ և ցանկանում եք զարգացնել գործունեությունը որպես բիզնես։
– Ունեք մինչև 3 տարի գրանցված՝ գործող փոքր բիզնես, և կարիք ունեք խորհրդատվական և ֆինանսական աջակցության՝ այն ընդլայնելու համար։
– Ունեք բիզնես գաղափար և ցանկանում եք այն վերածել կենսունակ բիզնեսի։
IV. Ծրագրի փուլերի նկարագրություն
ՓՈՒԼ 1։ Հայտադիմումների ներկայացում
Դիմելու կարգը․ հայտադիմումներն ընդունվելու են մինչև մինչև ս․թ․ հուլիսի 31-ը՝ ժ․ 23:00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ…
Վերջնաժամկետից հետո մեկ շաբաթվա ընթացքում Հայկական Կարիտասի և Բի Էս Սի-ի ներկայացուչներից բաղկացած հանձնաժողովը կուսումնասիրի և կգնահատի հայտերը՝ հետևյալ չափորոշիչներով՝
– թիրախային խմբերին պատկանելիություն.
– բիզնես գաղափարի կենսունակություն.
– դիմողի/դիմող թիմի մոտիվացիա.
– ներկայացված տվյալների ամբողջականություն։
Առավել բարձր գնահատականներ ստացած 125 դիմող կընտրվի՝ մասնակցելու բիզնես գաղափարի վավերացման և բիզնես մոդելի մշակման մեկօրյա դասընթացին։
Փուլ 2։ Բիզնես գաղափարի վավերացման և բիզնես մոդելի մշակման դասընթաց
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հետևյալ թեմաներին․
– ձեռնարկատիրության և նորարարության հիմունքներ․
– գաղափարի վավերացում․
– բիզնես մոդել կանվասի մշակում։
Նշում․ Բիզնես մոդելավորման մեկօրյա դասընթացը տեղի է ունենալու օֆֆլայն ձևաչափով՝ Երևանում։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կմշակեն իրենց բիզնես գաղափարները՝ հիմնվելով տրամադրված Բիզնես մոդել կանվասի պարզ ձևանմուշի վրա։ Նույն Հանձնաժողովը կգնահատի ներկայացված բիզնես մոդելները՝ հետևյալ չափանիշներով․
– բիզնես մոդելի իրագործելիություն․
– մշակված բիզնես մոդել կանվասի ամբողջականություն և ճշգրտություն․
– դիմողի/թիմի ձեռնարկատիրական և/կամ ոլորտային կարողություններ։
Գնահատման արդյունքում 80 մասնակից կընտրվի՝ շարունակելու ծրագրի հաջորդ փուլին՝ բիզնես պլանավորման խորացված դասընթացներին։
ՓՈՒԼ 3։ Բիզնես պլանավորման դասընթաց
Նախորդ փուլից ընտրված մասնակիցները կմասնակցեն բիզնես պլանավորման 7-օրյա դասընթացի, որը ներառում է հետևյալ թեմաները․
– Շուկայի հետազոտություն․
– Հաճախորդների սեգմենտավորում և թիրախավորում․
– Մարքեթինգ և վաճառք․
– Բիզնեսի գործառնական կառավարում․
– Ֆինանսական կառավարում․
– Բիզնես պլանի մշակում․
– Ներկայացման հմտություններ։
Դասընթացներին պարտաճանաչ և ակտիվ մասնակցությունը պարտադիր է ծրագրի հետագա փուլերին մասնակցելու համար։
ՓՈՒԼ 4։ Բիզնես պլանների մշակում, խորհրդատվություն
Դասընթացների հաջող ավարտից հետո մասնակիցներին կհատկացվի ժամանակ՝ բիզնես պլանները մշակելու համար՝ ըստ տրամադրված բիզնես պլանի մշակման ձևանմուշների և ուղեցույցների։ Այս փուլի ընթացքում «Բի Էս Սի»-ի դասընթացավար-խորհրդատուները կապահովեն շարունակական և գործնական աջակցություն՝ վերանայելով բիզնես պլանները, տրամադրելով կառուցողական հետադարձ կապ և ուղղորդելով մասնակիցներին անհրաժեշտ բարելավումների իրականացման հարցում։ Կիրականացվեն խմբային և անհատական խորհրդատվական հանդիպումներ, որոնք կկենտրոնանան բիզնեսի զարգացման հիմնական ուղղությունների վրա։
ՓՈՒԼ 5։ Բիզնես պլանների ներկայացում ընտրական հանձնաժողովին
Այս փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես պլանները ընտրական հանձնաժողովին։ Յուրաքանչյուր մասնակցի կհատկացվի 10 րոպե` բիզնես պլանի ներկայացման համար, որից հետո կհատկացվի 10 րոպե՝ հարց ու պատասխանի համար։
Ընտրական հանձնաժողովը կազմված է լինելու 5 անդամից՝ ներառելով.
– մեկ ներկայացուցիչ Հայկական Կարիտասից․
– մեկ ներկայացուցիչ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնից․
– երեք անկախ արտաքին փորձագետներ, որոնք ունեն գործարար ոլորտում հարուստ փորձ՝ ներառյալ ձեռնարկատիրություն, կառավարման, ֆինանսների և/կամ մարքեթինգի ոլորտները։
Ընտրական հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր բիզնես պլանը կգնահատեն նախապես սահմանված չափորոշիչների և գնահատման համակարգի հիման վրա, որոնք ներառելու են՝
– բիզնես պլանի իրագործելիություն և զարգացման ներուժ․
– բիզնես պլանի ամբողջականություն և ճշգրտությունը․
– դիմողի կամ թիմի մասնագիտական կարողությունները և համապատասխան փորձառությունը․
– դիմողի ներկայացման հմտությունները և հաղորդակցման արդյունավետությունը․
– այլն։
ՓՈՒԼ 6։ Ֆինանսավորում՝ դրամաշնորհների միջոցով
Հիմնվելով գնահատման արդյունքների վրա՝ 30 մասնակից կստանա մինչև 1,600,000 ՀՀ դրամ դրամաշնորհ Հայկական Կարիտասի կողմից՝ սեփական բիզնես պլանի իրականացման համար։ Դրամաշնորհի օգտագործումը պետք է բացառապես համապատասխանի բիզնես պլանում ներկայացված ներդրումային պլանի ծախսային հոդվածներին։
Դրամաշնորհառուն պարտավորվում է դրամաշնորհի շրջանակում կատարված բոլոր ծախսերի համար ներկայացնել համապատասխան հավաստող փաստաթղթեր՝ հաշիվ-ապրանքագրեր, վճարման հանձնարարականներ, պայմանագրեր, ֆինանսական հաշվետվություններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
Ծրագրի իրականացման թիմի կողմից պարբերաբար կիրականացվեն մոնիթորինգի այցելություններ, որոնք նպատակ կունենան՝ վերահսկելու դրամաշնորհի օգտագործման գործընթացը, գնահատելու ծրագրի առաջընթացը և ապահովելու թափանցիկություն։
ՓՈՒԼ 7։ Խորհրդատվություն և աջակցություն դրամաշնորհառուներին
«Բի Էս Սի»-ին աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի դրամաշնորհառուներին, մասնավորապես՝ բիզնեսի հիմնադրման, գրանցման, մարքեթինգի, վաճառքի կազմակերպման և գործառնական կառավարման հիմնական ուղղություններով։
Յուրաքանչյուր մասնակից կօգտվի քոուչինգի և մենթորության անհատականացված աջակցությունից՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում կայուն առաջընթաց ապահովելու համար։ Ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև միջոցառումներ և հանդիպումներ՝ ուղղված դրամաշնորհառուների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, գործարար կապերի հաստատմանը և համագործակցության հնարավորությունների բացահայտմանը։
V. Դասընթացների ձևաչափ․ հիբրիդային՝ առցանց և անցանց։
VI. Ծրագրի փուլերն՝ ըստ ժամանակացույցի․
– Հուլիս 2025 – դիմում-հայտերի ընդունում.
– Օգոստոս – սեպտեմբեր 2025 – դասընթացներ.
– Հոկտեմբեր 2025 – բիզնես պլանների մշակում և խորհրդատվություն.
– Նոյեմբեր 2025 – բիզնես պլանների ներկայացում հանձնաժողովին, հաստատված բիզնես պլաններին դրամաշնորհների հատկացում.
– Նոյեմբեր 2025 – հունվար 2026 – քոուչինգ և խորհրդատվություն:
Կոնտակտային տվյալներ
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
+374 77 57 47 78 | +374 95 57 47 78
bsc@bsc.am, bscarmenia@gmail.com
Հայտադիմումներն ընդունվելու են մինչև ս․թ․ հուլիսի 31-ը՝ ժ․ 23:00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ…
Ձեռք բեր նոր գիտելիքներ, ֆինանսավորում և աջակցություն՝ քո բիզնեսը զարգացնելու համար։
Միացիր մեզ այսօր և դարձիր փոփոխության մասնակից։
